28 փետրվարի 2012 - 09:17 AMT
Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր` փետրվարի 28-ին ծնվել է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: Այսօր լրանում է նրա 132-ամյակը: Նկարիչը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում:

Սարյանի նախնիները եղել են անեցի, ովքեր գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Այնուհետև նրա նախնիները տեղափոխվել են Նոր Նախիջևան, և նպաստել տեղի հայկական գաղութի ստեղծմանը։

1901 թ. Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է տեսնել իր նախնիների երկիրը։ 1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է եկել օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնել է հայկական թանգարան։

1921 թ. խորհրդային երիտասարդ իշխանության հրավերով Սարյանը տեղափոխվել է Երևան: Նա ընտանիքի հետ բնակություն է հաստատում հին ու փոքրիկ մի տնակում, որի առօրյան հետագայում պատկերում է իր նկարներում՝ «Իմ բակը» և «Երևանյան բակ գարնանը»: 1922 թ. Խորհրդային Հայաստանի առաջին համագումարը հաստատում է Հայաստանի ԽՍՀ զինանշանի նկարագրությունը: Այդ աշխատանքը հանձնարարված էր Մարտիրոս Սարյանին ու Հակոբ Կոջոյանին: Մեկ աշխատանքում ողջ Հայաստանը ներկայացնելու իր ցանկությունը նա ամփոփել է «Հայաստան» մեծանկարում, որի էսքիզն այսօր զարդարում է նկարչի թանգարանի դահլիճներից մեկը: 1923-1936 թթ. այն Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գլխավոր վարագույրն էր զարդարում:

Թեև նրա անունը պատկանում է նաև ռուս մշակույթին, միաժամանակ նրա ստեղծագործությունները համարվում են Հայաստանի արվեստի խորհրդանիշը: Գեղանկարչի աշխատանքները Տրետյակովի պատկերասրահի մշտական ցուցադրության մաս են կազմում, սակայն առաջին անգամն է, որ թանգարանը ցուցադրում է Սարյանի բոլոր ստեղծագործություններն ամբողջությմաբ: