28 փետրվարի 2012 - 11:48 AMT
Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել

Փետրվարի 28-ին, ժամը 00.52-ին իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, և հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքև կընկնի: Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:

Դեպքի վայրում են գտնվել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը և համատիրության ղեկավարը:

Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ: