Խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ նոր օրենքը խախտում է սահմանադրությունը` մասնավորապես իշխանությունը սխալ տարանջատելով:
Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ եթե Ստեփան Սաֆարյանը այս օրենքում տեսնում է իշխանության բաժանման սկզբունքի խախտում, ապա նա ունի օրենքի խեղաթյուրված ըկալում, և խորհուրդ է տվել նրան մեկ անգամ էլ կարդալ ՀՀ Սահմանադրությունը: Նախարարը ընդգծել է, որ իշխանության կենտրոնացումը բխում է արտակարգ իրավիճակից:
ՀՀ ԱԺ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում ԱԻ կարող է հայտարարվել է այն դեպքում, երբ անմիջական սպառնալիք կա սահմանադրական կարգի վերաբերյալ, զինված ապստամբության, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գործողությունների, ազգային, ռասսայական, կրոնական կոնֆլիկտների դեպքում, որոնք վտանգ են սպառնում մարդկանց առողջությանն ու կյանքին: Ըստ օրինագծի ԶՈւ կարելի է գործի դնել այն պայմաններում, երբ Եստիկանության ուժերն ու Ազգային անվտանգության ուժերը չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի մասին օրինագծի ընդունման փորձեր երկու անգամ արվել են 2007-ին, սակայն անհամաձայնությունների պատճառով հետաձգվել է: