28 փետրվարի 2012 - 12:54 AMT
Այսօր երեկոյան Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Ցեղասպանության մասին օրինագծի ճակատագիրը

Փետրվարի 28-ին Փարիզի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ճակատագիրը: Այդ մասին հայտնել է «Nouvelles d`Arménie»-ն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Նախագահ Սարկոզին խոստացել է նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական խորհրդի որոշումը բացասական լինի: