28 փետրվարի 2012 - 16:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրինագծի քվեարկությունը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին

Ազգային ժողովում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագծի քվեարկությունը հետաձգվել է: ՀՅ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, դուրս գալով ԱԺ-ում կազմակերպված քննարկումից, հայտարարեց. «Շնորհակալ եմ ներկայության համար, որովհեև շատ կարևոր է, որ պատգամորների պայքարին միանում է ժողովուրդը, և քաղաքական մեծամասնությունը՝ այն քաղաքական ուժը, որ իրեն մեծամասնություն է կոչում, տեսնի, որ ժողովուրդը ուժ է: Այսօր Ազգայն ժողովում արտահերթ նիստ էր, որի ժամանակ ՀՅԴ և «Ժառանգության» առաջարկը ներկայացվեց պատգամավորներին: Մեր առաջարկին այսօր էլ փայլուն ելույթներով միացան ԲՀԿ ներկայացուցիչները: Սակայն քվեարկությունը հետաձգվել է վաղվան, որովհետև դահլիճում բավարար մարդ չկար: Վաղը ժամը 12-ին կլինի քվեարկություն»:

Նա նշեց, որ այդքան էլ կարևոր չէ կհաջողեն իրենք ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնել այս փուլում, թե չեն հաջողի. «Դուք ապացուցեցիք, որ մեր ժողովուրդն ունակ է կազմակերպել լուրջ վերահսկողություն բոլոր ընտրատեղամասերում: Պատրաստվենք ընտրություններին: Մենք պետք է արգելենք կառավարությանը կազմավորել իրենց հլու-հնազանդ խորհրդարան»: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ վաղը կրկին հավաքվելու են, և իրենք գալու են քվեարկությանը սատարելու. «Հայաստանի քաղաքական ուժերը, գիտակցելով, թե ինչքան խայտառակ վիճակ է ու արատավոր ընտրական համակարգ, միավորվել են այդ արատավոր համակարգը քանդելու նպատակով: Քաղաքական ուժերը համատեղ պայքար են տանում»

ՖՈՏՈՇԱՐՔ