28 փետրվարի 2012 - 17:06 AMT
2011-ին հայերն ամենից շատ փնտրել են տեղեկություններ ավիատոմսերի և աշխատանքի տեղավորման մասին

2011 թվականին հայերն ամենից շատ հետաքրքրվել են ավիատոմսերով։ Այս մասին են վկայում Սփյուռ տեղեկատվական համակարգի հեռախոսային տեղեկատուի օգտվողների օրական 6000-ից ավելի հարցումները։ Ընկերությունը հրապարակել է 2011-ին իր հեռախոսային ծառայության օգտվողների հարցումների վիճակագրությունն ըստ հարցված ապրանքների և ծառայությունների։

Հարցումների 20-յակը գլխավորում են ավիատոմսերի վաճառքը և ամրագրումը (մոտ 10 000 հարցում)։ 20-յակում 2-րդը ամենից շատ հարցվել են միջքաղաքային հեռախոսային կոդերը։ Այնուհետև հետաքրքրվել են աշխատանքի տեղավորման հնարավորություններով։

Սփյուռի հրապարակած 20-յակում գերակշռում են նաև հարցումները դեղատների, դեղերի, ստոմատոլոգիական կլինիկաների մասին։ Բազմաթիվ հարցումներ են գրանցվել նաև բանկերի և բանկայն ծառայությունների, հանգստյան տների, բնակարանների առքուվաճառքի, համակարգիչների, ինտերնետ-հեռախոսակապի ծառայությունների, ինչպես նաև ավտոմեքենաների էվակուացման մասին։