29 փետրվարի 2012 - 09:59 AMT
«Հայկական ժամանակ». «Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ ներկրող ընկերությունների սեփականատերը լքում է ՕԵԿ-ը

«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց երկրի» Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը:

Ըստ թերթի աղբյուրների, գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ: Իր քայլը Սարգսյանը բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»: Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»: Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում: