29 փետրվարի 2012 - 14:56 AMT
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստացել է վերսկսել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը

Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդը խոստացել է վերսկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը, եթե ինքն ընտրվի նախագահ: Այս մասին հայտնում է «TF1» հեռուստաալիքը: Ըստ նրա, առաջարկված օրենքի ընդունման ժամանակահատվածն անհաջող էր և դա չպետք է արվեր նախագահության վերջին շրջանում: «Ամեն դեպքում, պետք է վերսկսել այդ գործընթացը, և ես ինձ վրա եմ վերցնում գործը մինչև վերջ հասցնելու պարտավորությունը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը:

Իր հերթին UMP անդամ, Ֆրանսիա-Իսրայել բարեկամական խմբի նախագահ Կլոդ Գոասգենը իր ափսոսանքն է հայտնել Խորհրդի որոշման վերաբերյալ, ընդգծելով, որ մտավախություն ունի, որ հարձակման կենթարկվի նաև Հոլոքոսթի մասին Գեյսոյի օրենքը և ժխտման տեսանկյունից կխոսվի այն ամենը, ինչ ցանկանում են:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: