29 փետրվարի 2012 - 16:48 AMT
Մինչև տարվերջ Հայաստանի բանկերը ձեռք կբերեն Visa International e-commerce լիցենզիան

ՀՀ երեք բանկեր բանակցում են Visa ընկերության հետ՝ ձեռք բերելու համար Visa International e-commerce լիցենզիան և մինչև տարեվերջ լիցենզիայի ձեռքբերման խնդիրը լուծված կլինի: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Վահե Դանիելյանը։Հայաստանում Էլեկտրոնային առևտրի իրականացման խնդիրներից է ոչ Հայաստանում թողարկված Visa քարտերով էլառևտրի իրականացման անհնարինությունը, քանի որ ՀՀ բանկերի մոտ բացակայում է Visa International e-commerce լիցենզիան: Լիցենզիայի բացակայության պատճառով մերժվում են ՀՀ հետ կատարվող ցանկացած գործարքներ՝ Հայաստանը որակելով «ոչ վստահելի» երկիր: Արդյունքում ՀՀ գործող ընկերությունները ստիպված են լինում հաշիվներ բացել իրենց գործունեության իրականացման համար արտասահմանյան բանկերում:

ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի խնդիրներն ուսումնասիրող և լուծումներ առաջարկող միջգերատեսչական հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ բացի Visa International e-commerce լիցենզիայի ձեռք բերումից, գործարքների անվտանգության համար անհրաժեշտ է ներդնել նաև 3D Secure անվտանգության համակարգը։