29 փետրվարի 2012 - 17:03 AMT
Մարսելի քաղաքապետ. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման համար պետք է պայքարել մինչև վերջ

Մարսելի քաղաքապետ, իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» անդամ Ժան-Կլոդ Գոդենը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ցենզուրայի մասին: «Ես կիսում եմ բոլոր նրանց հիասթափությունն ու թախիծը, ովքեր ցանկանում էին այդ օրենքի ընդունումը, քանի որ ժխտումն անընդունելի է, և ես նախկինի պես համոզված եմ, որ դրա դեմ պետք է պայքարել»,- ասել է Գոդենը:

«Ես համերաշխ եմ հայ համայնքի հետ և ուրախ եմ, որ հանրապետության նախագահն արդեն խնդրել է կառավարությանը պատրաստել նոր տեքստ, որում հաշվի կառնվի Սահմանադրական խորհրդի որոշումը»,- նշել է Մարսելի քաղաքապետը, հաղորդում է «Maritima INFOS»-ը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: