«Հայաստան» համահայկական հիմնադրամը մարտի 1-ին «Հրայր և Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ» և դիպլոմ շնորհեց Երևանի պետական կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող 2011» վոկալիստ Արսեն Ստեփանյանին: Ծրագիրը հովանավորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները:
Բարերար ամուսինների սահմանած ամենամյա անվանական կրթաթոշակը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դիպլոմ, շնորհվում է 2009 թվականից` առաջադեմ ու շնորհալի ուսանողներին սատարելու նպատակով: Այն 2009 թվականին շնորհվել է ջութակահարուհի Մերի Խոջայանին, 2010-ին` սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանին, 2011-ին` ջութակահարուհի Աննա Մարգարյանին:
Արսենը Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի, ակադեմիական երգեցողության բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: 2010 թվականին մասնակցել է Դելֆյան խաղերին և արժանացել «Ակադեմիական երգ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի և «Ոսկե մեդալի», իսկ 2011 թվականին դարձել է 2-րդ հանրապետական մրցույթի դափնեկիր:
«Այս գումարն ինձ կօգնի մասնակցել մարտին Մոսկվայում կայանալիք Մ. Մագամաևի անվան միջազգային երգի մրցույթին: Մեծ ակնկալիքներով այս տարի մասնակցում եմ նաև ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ 2011 մրցույթին»,- իր առաջիկա ծրագրերի մասին ասաց Արսենը: