1 մարտի 2012 - 17:43 AMT
Արայիկ Բաղդադյան. 6 քաշային կարգերում մեր ըմբիշներն ի զորու են նվաճել օլիմպիական ուղեգրեր

«Վարկանիշային մրցաշարերում մեր մարզիկներն ի վիճակի են նվաճել ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր` բոլոր 6 քաշային կարգերում: Իհարկե, նման մրցաշարերում կարևոր դեր է խաղում նաև վիճակահանությունը: Հուսով եմ` Լոնդոն կմեկնենք մեծ կազմով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Հավաքականի կազմում օլիմպիական ուղեգիր ունի միայն Միհրան Ջաբուրյանը: Բուլղարիայում առաջին վարկանիշային մրցաշարը մեկնարկում է ապրիլի 22-ին, իսկ մինչ այդ հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնությանը, որին կմեկնի մարտի 4-ին:

«Ներկայումս հավաքականի առջև խնդիր է դրված հաջող հանդես գալ ԵԱ և հնարավորինս շատ մեդալներ վաստակել: Կարևոր է, որ վարկանիշային մրցաշարերին մարզիկները լավ տրամադրությամբ հանդես գան»,-ասել է Բաղդադյանը:

Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականը մարզվելու է Վլադիկավկազում, ապա վերադառնալու է Երևան, որտեղ և կշարունակի պատրաստվել առաջիկա կարևոր մրցաշարերին;

Սերբիա կմեկնեն Գեղամ Բաբախանյանը, Միհրան Ջաբուրյանը, Արթուր Առաքելյանը, Նարեկ Սանոյանը,Դավիթ Սաֆարյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Մուսա Մուրտազալիևը, Սուրեն Մարկոսյանը, Հաջիմուրադ Նուրմահմեդովը, Գևորգ Ավշարյանը, Անդրանիկ Գալստյանը և Ռուսլան Բասիևը: