1 մարտի 2012 - 19:28 AMT
Սերգեյ Մարկեդոնով. Ֆրանսիայի ՍԽ որոշումը յուրահատուկ բյուրոկրատական իրավական տրամաբանություն է

«2012թ. փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունեց որոշում, որի համաձայն 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը ճանաչվել է ֆրանսիական Սահմանադրությանը հակասող: Անձամբ ինձ համար այստեղ ոչ մի անակնկալ չկա: Այս կամ այն ցեղասպանության ճանաչման կամ ժխտման խնդիրը, որքան էլ դա ցինիկորեն հնչի, արդեն վաղուց քաղաքական խնդիր է դարձել»,- PanARMENIAN.Net-ին է հայտնել Վաշինգտոնի Ռազմավարական հեռազոտությունների կենտրոնի հրավիրված աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով` նրանք, ովքեր այդ հարցը բարձրացնում էին Ազգային ժողովում և Ֆրանսիայի Սենատում, առաջին հերթին կողմնորոշվում էին ոչ թե աբստրակտ արժեքներով, այլ քաղաքական շահերով: «Մանրամասն չեմ պարզաբանելու, թե կոնկրետ ինչ շահերով: Այդ մասին արդեն շատ բան է ասվել: Ինչ վերաբերում է Սահմանադրական խորհրդին, ապա դրա քայլերը նույնպես հասկանալի են: Որպես կանոն գերագույն դատական ատյաններն ավելի պահպանողական են: Եվ ոչ միայն նման ազգային հարցերում: Բավական է հիշել ԱՄՆ Գերագույն դատարանի փորձը, որը չեղյալ հայտարարեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի բազմաթիվ միանգամայն հիմնավորված սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ, որոնք ընդունվել էին նրա կողմից «մեծ դեպրեսիայի» ժամանակ: Ֆրանսիայի ՍԽ մտավախություն ունի, որ նման կոշտ իրավական սահմանումը կարող է հանգեցնել սադրանքների և այդ սուր հարցը կոնյուկտուրային խնդիրների լուծման համար օգտագործելուն: Դա յուրահատուկ բյուրոկրատական իրավական տրամաբանություն է, այլ ոչ թե դատավորների չարամտություն: Ինչևէ, Ֆրանսիայի մի շարք քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ շարունակելու են պայքարն իրենց իրավացիության համար: Հետևաբար, պրագմատիկայի և պատմական արդարության հարաբերակցության մասին հին վեճը կշարունակվի»,- ընդգծել է փորձագետը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: