2 մարտի 2012 - 18:15 AMT
Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, հարցազրույցի հրավերում Հայոց ցեղասպանության մասին հարցը քննարկման թեմաների մեջ նշված է եղել որպես «հայկական խնդիր»: Մամլո ծառայությունը նշում է, որ հայերի համար չկա «հայկական խնդիր», ինչպես որ թուրքերն են այն մեկնաբանում: «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և քննարկման առարկա չէ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Դուք պետք է իմանաք, որ հազարավոր եկեղեցիներ, վանքեր, մշակութային, կրոնական ու սոցիալական հաստատություններ են բռնազավթվել Թուրքիայի կառավարության կողմից: Այդ գույքը վերադարձնելը հայ ժողովրդի իրավունքն է»,-ասվում է հայտարարության մեջ: