Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Զրուցակիցները քննարկեցին մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն մերձեցման գործընթացին` գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների շուրջ:
Հանդիպման օրակարգում էին նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունն ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին Հայաստան- ԵՄ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ:
Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր:
Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հունգարիա ՀՀ Նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: