6 մարտի 2012 - 15:28 AMT
Ուսանողներն իրենց ռեֆերատներում կարող են կիսվել կենսաթոշակային բարեփոխումների մասին պատկերացումով

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի» շրջանակներում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասնակցությամբ կազմակերպել է դասախոսությունների շարք Հայաստանի բուհերի ուսանողների համար: Առաջին դասախոսությունը տեղի է ունեցել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, նման դասախոսություններ նախատեսվում է անցկացնել Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում և Ֆրանսիական համալսարանում:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է ռեֆերատների մրցույթի մեկնարկը «Հայաստանի տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» թեմայով: Ուսանողական աշխատանքների ընտրության ժամանակ նախապատվությունը տալու են այն ռեֆերատներին, որոնցում նոր գաղափարներ են ներկայացվելու կենսաթոշակային բարեփոխումների անցկացման և տնտեսության զարգացման մասին: «Ռեֆերատների մրցույթը խթանում է երիտասարդ սերնդի շարքում տեղեկացվածության բարձրացմանը, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հենց երիտասարդների համար է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի» տնօրեն Ռոզա Կիապպեն: