7 մարտի 2012 - 10:32 AMT
Էրդողան. Հակահայ պաստառները Թաքսիմում արտահայտում են որոշ ռասիստների զգացմունքները, ոչ թուրք ժողովրդի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայացած ակցիայի վերաբերյալ, որը նվիրված էր այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-րդ տարելիցին, որի ժամանակ ցուցարարները կրում էին սադրիչ պաստառներ: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, Էրդողանը հայտարարել է, որ հակահայկական պաստառները միջոցառման ժամանակ արտահայտում են որոշ ռասիստների զգացմունքները, ոչ թե թուրք ժողովրդի: Ըստ նրա, արդեն ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Նա նշել է, որ անարդար կլիներ «ստվերել» ակցիայի էությունը մի քանի անօգուտ պաստառներով: «Ոչ ոք իրավունք չունի վնասելու Թուրքիայի իմիջին նման տեսարանների միջոցով»,-ասել է Էրդողանը:

Ըստ որոշ տվյալների, Թաքսիմ հրապարակում փետրվարի 26 հավաքվել էր մոտ 50 000 մարդ, հիմնականում ազերի և թուրք երիտասարդներ: Նրանք կրում էին հակահայկական բովանդակության պաստառներ: