16 փետրվարի 2004 - 23:04 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում անցկացվող բարեփոխումները եւ վերջին տարիների զգալի տնտեսական առաջընթացը տպավորում են: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման պետքարտուղարի խորհրդարանական օգնական Գարեթ Թոմասը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, դա հաստատել են նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հանդիպել են նրա հետ Երեւանում: Հանդիպման արդյունքում Մանուկ Թոփուզյանը եւ Գարեթ Թոմասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանին բրիտանական տեխնիկական աջակցության վերաբերյալ, որը կուղղվի հանրային ոլորտի, առողջապահության, գիտության եւ կրթության, քաղաքացիական ծառայության բնագավառների, տարածաշրջանային զարգացման ծրագրերի հետագա խթանմանը եւ բարեփոխումներին: