18 փետրվարի 2004 - 18:15 AMT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ
Երեւանյան բուհերի ուսանողները հանդես են գալիս «Զինապարտության մասին» նոր օրինագծի դեմ: Մասնավորապես, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում վերանայել օրինագծի գիտությանն ու կրթությանն առնչվող կետերը: Նրանք անթույլատրելի են համարում տվյալ փաստաթղթի այն դրույթը, որի համաձայն այսուհետ ուսանողներին բանակից տարկետում չի տրամադրվում մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորելու դեպքում: Ուսանողների կարծիքով, հայկական բանակի կրթական մակարդակը չպետք է բարձրացնել գիտության հաշվին: Ինչպես նշվում է հայտարարությունում, այս նախագիծը բացառում է բարձր որակավորում ստանալու հնարավորությունը ուսանողների ներկա եւ գալիք սերունդների համար, իսկ երիտասարդ գիտնականներին զրկում է գիտությամբ զբաղվելու հնարավորությունից: Ընդսմին ԵՊՀ ուսանողները դատապարտել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անսկզբունքային եւ կրավորական դիրքորոշումը այդ հարցում: