9 մարտի 2012 - 13:46 AMT
ՆԱՍԱ. Արևի ակտիվությունը ոչնչով չի սպառնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամներին

Արևի ակտիվության կտրուկ աճը, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել երկու հզոր բռնկումներ, սպառնալիք չեն ներկայացնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամների համար, հաղորդում է ՆԱՍԱ-ն:

«Արևային բռնկումները սպառնալիք չեն ներկայացնում ոչ ՄՏԿ, ոչ նրա անձնակազմի համար: Հյուսթոնում թռիչքների կառավարման կենտրոնի բժիշկները մշտապես հետևում են ճառագայթման մակարդակին, որը ներկա պահին գտնվում է նորմայի սահմաններում»,- ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրությունում:

Մարտի 5-ին և 7-ին Արևի վրա տեղի են ունեցել երկու հզոր ռենտգենյան բռնկումներ, որոնք ուղեկցվել են շուրջերկրյա տարածությունում լիցքավորված մասնիկների հոսքի կտրուկ աճով: