19 փետրվարի 2004 - 18:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՊԱՌԵԼ ԻՐԵՆ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Հայաստանում տարվող փոխլրացման քաղաքականությունը չի սպառել իրեն, հակառակը` կան մեծ հնարավորություններ այն շարունակելու համար: Այդ մասին երեկ հայկական հեռուստաալիքների մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնական Երեւանը ընտրել է ճիշտ քաղաքական գիծ, - դրա ապացույցն է այն փաստը, որ տարածաշրջանում Հայաստանի հարեւան երկրները փորձում են իրականացնել նման քաղաքականություն: Դրանում համոզվելու համար, Ռ.Քոչարյանի կարծիքով, բավական է ուսումնասիրել Իլհամ Ալիեւի վերջերս Մոսկվա կատարած այցելության նյութերը, ինչպես նաեւ Վրաստանի թե՛ նոր, թե՛ նախկին ղեկավարության հայտարարությունները` կապված տարածաշրջանային գործընթացների հետ: «Տարածաշրջանում գերտերությունների շահերը պարտադիր չէ, որ բախվեն: Դրանք կարող են համադրվել` հանուն ողջ տարածաշրջանի»,- ասել է ՀՀ նախագահը: Եվ եթե նման քաղաքականություն իրականացնեն նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, ապա տարածաշրջանում կայունությունը կլինի շատ ավելի երաշխավորված եւ հետագայում ավելի հեշտ կլինի գտնել այստեղ առկա հակամարտությունների լուծումը, ամփոփել է Ռ. Քոչարյանը: