10 մարտի 2012 - 15:24 AMT
Հայաստանին հաջողվել է 5 տարվա ընթացքում ՏՏ-ոլորտի արտադրանքի ծավալը ավելացնել 2.5 անգամ

2007 թվականի համեմատ 2.5 անգամ ավելացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով 205 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին մարտի 10-ին Երևանում կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում հայտարարել է երկրի նախագահ ու կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: «82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 և ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ»,-ասել է նա:

Այս առնչությամբ նախագահը հավելել է, որ բարձր որակավորում պահանջող և տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: «Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի և Վրաստանի համանուն աճերը կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: