12 մարտի 2012 - 18:44 AMT
Յանա Մուրադխանյան. «Արմավիայի» գործադուլը կապ չուներ «Ռոսավիացիայի» հետ ունեցած խնդիրների հետ

Այսօր «Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յանա Մուրադխանյանը, անդրադառնալով Ռոսավիացիայի հետ ունեցած խնդրին, նշել է, որ դա անցյալ շաբաթվա գործադուլի հետ որևէ կապ չուներ. «Ցանկացած ավիաընկերություն ունենում է պարտքեր և որոշակի ժամկետներում պետք է այդ պարտքերը փակի»: Կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև չկարողացավ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իբր ավիաընկերությունում արդեն 4 ամիս է աշխատավարձ չի տրվում, ասելով, որ չի կարող պատասխանել նման հարցերի:

Խոսելով «Արմավիա»-ի հնարավոր սնանկ հայտարարվելու մասին` Մուրադխանյանը նշեց, որ նման իրադրությունում ընկերությունը դեռ որոշ ժամանակ աշխատելու է և բոլոր պարտավորությունները կատարելու է, այդ թվում՝ վաճառված տոմսերի փոխհատուցում:

Ինչ վերաբերվում է մարտի սկզբի զեղչերը հետագայում չեղյալ հայտարարելու խնդրին, Մուրադխանյանը նշեց, որ դա պայմանավորված էր «Աերոֆլոտով», որն իր հերթին էլ ավելի է իջեցրել տոմսերի գները: Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, կողմերը պայմանավորվել են այլևս նման զեղչեր չհայտարարել: PanARMENIAN-ի թղթակցի այն դիտարկմանը, որ դա նորմալ է, երբ կա առողջ մրցակցությունը, Մուրադխանյանը նշել է, որ «Աերոֆլոտը» այնքան էր իջեցրել գները, որ «Արմավիան» պարզապես տանուլ կտար:

Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ էր հայտարարել, որը տևեց մեկ օրից պակաս: Ավիաընկերությունը գործադուլը բացատրում էր «Զվարթնոցի» գնային քաղաքականությամբ, ապա օրվա մեջ տեղեկատվություն տարածվեց, որ «Արմավիա»-ին արգելված է հատել Ռուսաստանի տարածքը պարտքերի պատճառով: Ավելի ուշ Ռոսավիացիան «Արմավիա»-ին ժամկետ նշեց մինչև մարտի 20, իսկ «Զվարթնոց»-ի հետ բանակցություններ սկսվեցին: