25 փետրվարի 2004 - 18:00 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ Է ԶԵՆՔԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կանաչ այգի» մեխանիկական արտադրամասի տարածքի, ինչպես նաեւ տարբեր հասցեներով բնակարանի եւ ավտոտնակի զննման արդյունքում Երեւանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել եւ առգրավել են 19 պայթուցիչ սարք, 2 աէրոզոլ ռումբ, «Շմայս» տեսակի ինքնաձիգ, զինամթերք եւ սառը զենքի քանակություն: Ինչպես հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հետաքննությանը հաջողվել է պարզել, որ զենք-զինամթերքը պատկանել են Երեւանի բնակիչներ Կոլյա Հարությունյանին, Գուրգեն Պապիկյանին, Արմեն Սահակյանին եւ անզգույշ սպանության ու ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ անզգուշաբար սպանություն գործելու համար 2000 թվականին դատապարտված Ռոմիկ Մխիթարյանին: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կոլյա Հարությունյանը եւ Արմեն Սահակյանը ձերբակալված են, ձեռնարկվում են միջոցառումներ Ռոմիկ Մխիթարյանին կալանավորելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության տեղեկատվության պատասխանատու Սուրեն Սուրենյանցի խոսքերով` իրավապահ մարմինների գործողությունները քաղաքական բնույթ են կրում եւ ուղղված են իրենց կուսակցության ակտիվիստների դեմ: Մասնավորապես, հայտարարել է նա, Ռոմիկ Մխիթարյանի դեմ պատժամիջոցները վրեժ են հանդիսանում անցած նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի թեկնածու Ստեփան Դեմիճյանի օգտին նրա ծավալած ակտիվ գործողություններին: