14 մարտի 2012 - 14:31 AMT
Ռուսաստանը հրապարակել է Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման պայմանները

Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի հետ, եթե Վրաստանը հրաժարվի «Օկուպացված տարածքների մասին» խտրական օրենքից, որի համաձայն Հարավային Օսեթիա կամ Աբխազիա այցելած ցանկացած քաղաքացի քրեական հետապնդման է ենթարկվում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում:

«Երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, թե ՌԴ բոլոր քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրերի մուտք գործել Վրաստան, նա մոռացավ ասել, որ Վրաստանում գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որոնց համաձայն Հարավային Օսեթիա կամ Աբխազիա այցելած ցանկացած քաղաքացի քրեական հետապնդման է ենթարկվում»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ ՌԴ երկու քաղաքացիներ արդեն տուժել են այդ օրենքից և պատիժ են կրում: