14 մարտի 2012 - 15:10 AMT
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգի կհիմնվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ նշելով հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարևորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլև Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ «Համոզված եմ, որ Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա և այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը»,–նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված, այնպես էլ կրթական և բիզնես ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին և շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի և իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ–հնդկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։