14 մարտի 2012 - 16:32 AMT
ՄՏՍ-ի նախկին աշխատակիցը նշանակվել է «ԱրմենՏելի» նոր կոմերցիոն տնօրեն

«ԱրմենՏել» ընկերությունը նոր կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակել է Վլադիսլավ Սոկոլովին, ով նախկինում «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունում զբաղեցրել է վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետից մինչև մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրենի պաշտոն, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

«ԱրմենՏել»-ում Վլադիսլավ Սոկոլովն իր պարտականությունները ստանձնել է 2012թ. մարտի սկզբին:

Մեկնաբանելով նոր նշանակումը, «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Արդեն 2-րդ տարին է, ինչ «ԱրմենՏելը» ընկերությունը շուկայի բոլոր հատվածներում ցուցադրում է բաժանորդային բազայի տպավորիչ աճ: Այդ միտումն ուղեկցվում է նաև հասույթի ավելացմամբ, և մենք վստահ ենք, որ Վլադիսլավի աշխատանքի շնորհիվ մեր ընկերության զարգացման դրական միտումները կպահպանվեն և կամրապնդվեն»:

Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, և դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով: