14 մարտի 2012 - 17:45 AMT
Orange-ը Հայաստանի 11 համալսարաններում տարբեր մասնագիտական դասընթացներ է մեկնարկում

Այսօր Orange Արմենիա ընկերության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկօրյա դասընթաղով մեկնարկեց իր հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների բարձր որակավորմամբ աշխատակիցները դասընթացներ են անցկացնելու Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար:

Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր:

Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով՝ վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»:

Դասընթացներին ուսանողները կարող են մասնակցել նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին։