14 մարտի 2012 - 17:57 AMT
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կփակվի անորոշ ժամանակով

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը տևական ժամանակ փակ կլինի այցելուների համար վերանորոգման պատճառով: PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն, մեծ նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանն ասաց, որ աշխատանքները պետք է սկսվեին դեռևս մարտ ամսին, սակայն դրանք հետաձգվել են մինչև ամառվա սկիզբ: Մինչ այդ, թանգարանը գործելու է իր սովորական գրաֆիկով, իսկ հունիսին այն կփակվի: Նա նաև ասաց, որ թանգարանի 45-ամյակը վերանորոգման պատճառով չի նշվի, որքան կտևեն վերանորոգման աշխատանքները հայտնի չէ:

Թանգարանի շենքային պայմաններն այսօր արդեն չեն համապատասխանում այն պահանջներին, որպեսզի լիարժեք ներկայացվի Սարյանի արվեստը: Այս հարցը դեռևս անցյալ տարի քննարկվեց, երբ խնդրին մանրամասն ծանոթանալու համար նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր թանգարան: Այնուհետև մշակույթի նախարարությանը հանձնարարական տրվեց լուծել այդ խնդիրը: Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է շենքի տարածքի ընդլայնման գործը, որովհետև թանգարանը ֆոնդերի և ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված ցուցասրահի ստեղծման կարիք ունի (ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար թանգարանի մշտական ցուցադրության սրահից հանվում են նկարները): Թանգարանը 2001-2002թ. նորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Նշենք նաև, որ թանգարանում մայիսին նշվելու է նկարչի մահվան 40-ամյակը: