Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասվում է նախագահի հեռագրում:
Եվրոպայի երկրների պատմության մեջ այս ճանապարհա-տրանսպորտային միջադեպը որակվել է որպես ամենաողբերգականն ու զանգվածայինը` զոհվածների և տուժածների քանակությամբ: Վթարի արդյունքում զոհվել է 28 մարդ, որոնցից 22 երեխաներ են, ևս 24 երեխա տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Ավտոբուսի 52 ուղևորների թվում, բելգիացիներից բացի, եղել է նաև 7 երեխա Նիդերլանդներից:
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն երկրում սուգ է հայտարարել: