
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայում թագավորության դեսպանատան փակման և այդ երկրից դիվանագիտական առաքելության դուրսբերման մասին, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` հղում կատարելով սաուդյան լրատվամիջոցներին:
Դեսպանատան փակման պատճառն է դարձել Սիրիայի իշխանությունների կողմից ընդդիմության ելույթների շարունակական ճնշումը:
Ավելի վաղ ի նշան Դամասկոսի գործողությունների Սիրիայի մայրաքաղաքում իրենց դեսպանատները փակել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան:
Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:
Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: