15 մարտի 2012 - 11:48 AMT
Փաստաբան. Ձմեռային ցրտից վրանում պաշտպանվելը չի կարող համարվել հասարակական կարգի խախտում

Մաշտոցի պուրակում նստացույցի ձևով բողոքարկման իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող մարդկանց կողմից ձմեռային ցրտից վրանում պաշտպանվելը չի կարող համարվել հասարակական կարգի խախտում: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ստիկանության տարածած այն հայտարարությունը, «վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է», ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Այդ մարդկանցից վրանը վերցնելը և գիշերվա ցրտին բաց երկնքի տակ թողները կարող է համարվել անմարդկային վերաբերմունք»,- ասաց Մեժլումյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն: Իսկ ակտիվիստներն էլ նշում են, որ վրանը ապամոնտաժել են բռնի կերպով՝ առանց իրենց զգուշացնելու: