1 մարտի 2004 - 22:48 AMT
ԱՆԿԱՐԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության ակտիվացման առնչությամբ: Ինչպես հաղորդում է Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» թերթը, այդ կապակցությամբ Ա.Գյուլը կոչ է արել 4-միլիոնանոց թուրքական սփյուռքին` միջոցներ ձեռնարկել հայկական լոբբիստական աշխատանքը կասեցնելու համար: Հայ լոբբիստների շնորհիվ, ցեղասպանության հարցը, որը նրանք անվիճելի են համարում, գաղտնի կամ բացահայտ միջոցներով շարունակ քննարկման թեմա է դառնում համաշխարհային հասարակայնության համար, նշել է նա: Լավ կազմակերպված հայկական կառույցները երբեմն հաջողում են արտասահմանյան խորհրդարաններում ապահովել Հայոց ցեղասպանության ճանաչման առումով նպաստավոր որոշումներ, ասել է թուրք նախարարը: Ընդ որում, նա հաղորդել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես որոշ քայլեր է ձեռնարկում հայկական լոբբիստական աշխատանքների դեմ: Սակայն, նրա կարծիքով, դա անբավարար է, ուստի թուրքական դիվանագիտությանը պետք է միանան արտասահմանում բնակվող 4 միլիոն թուրքերը: Միեւնույն ժամանակ Ա.Գյուլը պահանջել է, որ իր հայրենակիցները իրենց պայքարում չանցնեն քաղաքակիրթ միջոցների շրջանակներից, որովհետեւ, «հայկական անհիմն պնդումների համեմատ Անկարայի տեսակետները այնքան ուժեղ են, որ եթե տվյալ հարցը բարձրացվի գիտական ասպարեզում, ապա թուրքական տեսակետի անվիճելիությունը ակնհայտ կդառնա»: