Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Մայքրոսոֆթի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլոք։
Գրիգոր Բարսեղյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե երբ պատրաստ կլինի ամբողջովին հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը, պատասխանեց. «Հիմնական տարբերակը կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։
Նա նաև հավելեց, որ այժմ հայաֆիկացման գործընթացի մեջ է նաև Microsoft Office ծրագրային փաթեթի վերջին տարբերակը։
Նրա խոսքով, մինչ «Մայքրոսոֆթ Հայաստանի» գրասենյակի հիմնումը Հայաստանում, Մայրքրոսոֆթն արդեն իսկ սկսել էր իր օպերացիոն համակարգի և ծրագրային փաթեթների տեղայնացման գործընթացը տարբեր երկրներում։ «Հայաստանում Մայրքրոսոֆթն իր առաջին համագործակցությունը տեղայնացման հարցում սկսել է Biline ընկերության հետ»,-նշեց նա։
Իր ելույթի ժամանակ Գրիգոր Բարսեղյանը ներկայացրեց և ցուցադրեց արդեն գոյություն ունեցող հայաֆիկացված Windows 7 ՕՀ-ն և Մայքրոսոֆթի կայքում գոյություն ունեցող ֆորումը, որտեղ յուրաքանչյուր օգտագործող կարող է աջակցել տերմինների թարգմանությանը՝ առաջարկելով սեփական տարբերակը կամ քվեարկելով մեկ այլ տարբերակի համար։
«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։
Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։