16 մարտի 2012 - 14:45 AMT
Windows Phone սմարթֆոններով հնարավոր է դարձել կարդալ և գրել հայատառ

Այսօր «Մայքրոսոֆթ Հայաստան» ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը ներկայացրեց ընկերության կողմից մշակված երկու ծրագիր Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, որոնցով հնարավոր է հայատառ գրել և տեսնել հայերենը կայքեր այցելելիս։

Նախագծված երկու ծրագրերից մեկը՝ Armenian Browser-ն է։ Այն առանձին բրաուզեր է, որը հնարավոր է անվճար ներբեռնել Windows Phone Market ծրագրերի օնլայն խանութից և ցանկացած հայկական կայք այցելելիս՝ տեսնել և կարդալ հայատառ բովանդակությունը։

«Armenian Browser-ը հնարավորություն է տալիս անգամ հայատառ տեքստը պատճենել (copy) և տեղադրել օրինակ sms-ի մեջ»,- ցուցադրեց Դավիթ Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին։

Դե իսկ հայատառ գրելու համար Windows Phone Market-ում հասանելի է Armenian Keyboard ծրագիրը, որը իրենից ներկայացնում է վիրտուալ հայատառ ստեղնաշար։ Ծրագրով կարելի է հավաքել հայերենով ցանկացած նախադասություն կամ տեքստ, ապա copy կոճակով այն պատճենել և հենց ծրագրում առկա կոճակների միջոցով պատճենած տեքստը միանգամից տեղադրել (paste) կամ sms-ի դաշտում կամ բրաուզերում կամ Bing որոնողական համակարգում։

Դավիթ Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց նաև, որ այժմ Nokia խանութների հետ կա համաձայնություն, ըստ որի, յուրաքանչյուր Nokia Lumia սմարթֆոնի վաճառքից առաջ վաճառող մասնագետը կարող է առաջարկել Armenian Browser և Armenian Keyboard ծրագրերը ներբեռնել սմարթֆոնի մեջ։

Դավիթ Քոչարյանի խոսքով, Մայքրոսոֆթ ընկերության հետ բանակցություններ են գնում նաև հայատառ վիրտուալ ստեղնաշարի՝ սմարթֆոններում ներկառուցված լինելու համար, սակայն, թե երբ դա կիրագործվի, պարզ չէ։