16 մարտի 2012 - 15:05 AMT
ՀՀ վարչապետ. ՏՏ ոլորտը մեծ զարգացում է ապրում Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն այսօր առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում ՏՏ բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ:

Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը, մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) «National Instruments» ընկերության հետ համատեղ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման հարցը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից և համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին:

Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Այդ համատեքստում քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաև Վանաձորում:

Զրուցակիցներն արծարծել են նաև ռազմաարդյունաբերության զարգացման գործում ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավմանը, 2012 թվականին նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: