4 մարտի 2004 - 17:31 AMT
ԱՄՆ-Ն ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՓԱԿՈՒՂՈՒՑ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Արդբեջանի ղեկավարները «կկարողանան իրավիճակը դուրս բերել փակուղուց` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար անհրաժեշտ եւ քաղաքականապես բարդ փոխզիջումների ճանապարհով»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Է.Ջոնսը նշել է, որ «Վաշինգթոնը փորձում է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարվածության նվազեցմանը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության եւ առեւտրի համար»: Դրա «բանալին» մնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ասել է պետքարտուղարի օգնականը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում: Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Ջոնսը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացվել են «որոշ առաջարկներ»` հրաժարվելով սակայն բացահայտել դրանց էությունը: