17 մարտի 2012 - 11:50 AMT
«Հրապարակ». ՀՅԴ-ն է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»

Ինչպես բոլոր կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս այս օրերին զբաղված է նախընտրական գործընթացներով` ցուցակ են կազմում, ճշտում քարոզչության ուղղությունները և այլն: Առայսօր միայն հայտնի է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի գլխավորելու ցուցակը: Ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Ցուցակի մյուս հատվածը պահվում է մեծ գաղտնիության պայմաններում:

Ըստ որոշ լուրերի, հնարավոր է, որ երրորդ տեղում լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Թերթին հաջողվել է ճշտել միայն, որ ցուցակի առաջին կինը, այսինքն` վեցերորդ տեղում ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը:

ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է և անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: «Հրապարակին» հաջողվել է ճշտել նաև, որ ՀՅԴ-ն այս անգամ հանդես է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»: