21 մարտի 2012 - 15:30 AMT
Հայաստանն ու Վատիկանը շարունակում են խորացնել համագործակցությունը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով նորանշանակ նվիրակին նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Վատիկանի, մեր երկու եկեղեցիների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները հիմնված են քրիստոնեական արժեհամակարգի, երկկողմ պատմական կապերի, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգության վրա եւ ես համոզված եմ, որ Դուք, ինչպես Ձեր նախորդները, կարեւոր ներդրում կունենաք երկկողմ համագործակցության առավել ամրապնդման գործում»:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին նշեց, որ առկա են Սուրբ Աթոռի եւ Հայաստանի համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ինքը կանի առավելագույնը՝ փոխգործակցության ընդլայնման եւ ամրապնդման համար:

Հայաստանի արտգործնախարարն ու առաքելական նվիրակը կարեւորեցին անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի եւս մեկ վկայություն:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության խնդիրների շուրջ: