21 մարտի 2012 - 15:40 AMT
Ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլրում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ հայկական կազմակերպությունները Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի հետ համատեղ Հայաստանի դեսպանատան և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության աջակցությամբ ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլրում կանցկացնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումը (ANCA):

Միջոցառումը կվարի Արտաշես Քասախյանը` Գլենդեյլ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը: Ամերիկահայերը և ցեղասպանությունների իրագործման հակառակորդներն ԱՄՆ բոլոր նահանգներից, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները, կհավաքվեն այդ օրը՝ կրկին հաստատելով ամերիկյան ժողովրդի հավատարմությունն արդարությանը և ճշմարտությանը:

ANCA-ն հիշեցնում է, որ Ցեղասպանության հետ կապված երկու օրենսդրական ակտերը վերջերս ԱՄՆ Սենատում դրվել են քննարկման: Առաջին ակտը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն առաջարկվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Մարկ Քիրքի կողմից, կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել այդ չարագործության դասերը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար: Երկրորդ ակտը, որը ներմուծվել է սենատորներ Սքոթ Բրաունի, Դայան Ֆայնշտեյնի և Մարկ Քիրքի կողմից, կոչ է անում Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից գողացված ունեցվածքը դրա օրինական տերերին: