21 մարտի 2012 - 17:00 AMT
Արտակ Գաբրիելյան. Ջավախքի խնդիրը ողջ հայության խնդիրն է

Հունաստանի «Ազատ օր» հայկական թերթին տված հարցազրույցում Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը արծարծել է մի շարք հարցեր, որոնք կապված են Ջավախքի խնդիրների հետ: Գաբրիելյանը հասցրել է լինել մի շարք երկրներում և հանդիպումներ անցկացնել ԵՄ պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են Հարավային Կովկասի հետ կապերի համար: Նա այդ հանդիպումների արդյունքները բավական բարձր է գնահատել, ասելով, որ հնարավորություն է ունեցել մանրամասն ներկայացնել խնդիրը և պատմել Ջավախքի կարիքների և դրության մասին: Համակարգողը հիմնական խնդիրներից մեկն անվանել է Վրաստանից տարածաշրջանի օտարվածության հարցը: Այդպես եղել է ԽՍՀՄ օրոք, այդպես է նաև հիմա: Լեզվի խնդրի պատճառով հայերն իրենց հետագա ճակատագիրը տեսնում են ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում, ուստի հիմա Հայաստանում նրանց թիվը հասնում է 600 հազարի: Գաբրիելյանն ասել է, որ Վրաստանը ներդրումներ չի կատարում գյուղատնտեսության և անասնաբուծության մեջ, որը տարածված է Ջավախքում, միաժամանակ գնելով արտադրանքը չնչին գներով: Դրա փոխարեն իշխանությունները ներկրում են ցածրորակ արտադրանք Թուրքիայից: Վրաստանն անցկացնում է հայերի ձուլման քաղաքականություն, և եթե այդպես շարունակվի, նա հաջողության կհասնի:

Նախկինի նման այս փուլում հիմնական նպատակը նա անվանել է ինքնակառավարում ստանալը: Դրա օգնությամբ կարելի է լուծել մի շարք մշակութային, լեզվական տնտեսական խնդիրներ: Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի և առաջադրի Ջավախքի խնդիրը, քանզի այդ տարածաշրջանի խնդրները վերաբերվում են ողջ հայությանը: