12 մարտի 2004 - 20:37 AMT
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւը ուղերձ է հղել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին: «Բուդապեշտում հայ սպայի ողբերգական մահվան մասին լուրը տագնապով եւ ցավով ընդունվեց Ղազախստանում: Մենք դատապարտում ենք արարքի վայրագությունն ու անմարդկայնությունը եւ համարում ենք, որ նմանօրինակ գործողությունները չունեն որեւէ արդարացում»,- ասվում է, մասնավորապես, ուղերձում: Հայ սպայի սպանության կապակցությամբ իր անկեղծ ցավակցությունն է հայտնել նաեւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը` համապատասխան նամակ փոխանցելով Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչին: