2007 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ էական տեղաշարժ չի արձանագրվել

PanARMENIAN.Net - 2007 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ էական տեղաշարժ չի արձանագրվել, քանի որ երկկողմ հարաբերությունների բարելավումը Թուրքիան շարունակում է պայմանավորել մշտապես առաջ քաշվող նախապայմաններով: Հայաստանը շարունակել է հանդես գալ առանց նախապայմանների, բանակցությունների միջոցով, երկկողմ հարաբերությունները բարելավելու առաջարկներով, ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Թուրքիան Ադրբեջանի հետ շարունակել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու իր ոչ կառուցողական քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա երկկողմ շփումները հիմնականում ընթացել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում (հունիսին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ա. Գյուլի հետ Ստամբուլում ՍԾՏՀԿ 15-րդ հոբելյանական գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերին Վ. Օսկանյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ա. Բաբաջանի հետ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում եւ այլն):



Ս. թ. հունվարի 19-ին պոլսահայ «Ագոս» թերթի խմբագիր Հ. Դինքի սպանությունը բողոքի հզոր ալիք առաջացրեց Թուրքիայում, ինչը այդ օրերին որոշակի նպաստավոր ֆոն ստեղծեց հայ-թուրքական հարաբերություններում բեկում մտցնելու համար: Դինքի հուղարկավորությանը Հայաստանից մասնակցեց ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Սակայն, թուրքական իշխանությունները չկարողացան ցուցաբերել քաղաքական կամք երկկողմ հարաբերություններում տեղաշարժ մտցնելու ուղղությամբ:



Մարտին ՀՀ պատվիրակությունը` Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գ. Գյուրջյանի գլխավորությամբ մասնակցել է Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման ավարտի արարողությանը:



Թուրքիայում քաղաքական եւ հասարակական շրջանակներում շարունակվել են քննարկումները Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, հատկապես հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի հավանության արժանանալուց հետո:



Հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնականում ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում: Որոշ շփումներ են եղել նաեւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչների մակարդակով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---