Հայոց ցեղասպանությունը հերքող Թուրքիայի ընդունումը ԵՄ հավասար կլինի Հոլոքոստի հերքմանը

PanARMENIAN.Net - Varlden idag շվեդական թերթում տպագրված հոդվածում Շվեդիայի Հայկական Ասոցիացիայի ներկայացուցիչ Պիեր Կարատզյանը անհանգստություն է հայտնել, որ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը չի համարձակվում ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը: Ընդ որում, հոդվածում ասվում է Ուպսալայի համալսարանի կողմից անցկացված հետազոտությունների մասին, որոնք ցույց են տվել, որ Շվեդիայի պաշտոնատար անձինք վացուց ի վեր տեղեկատվություն ունեն Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին հոդվածի հեղինակն ինքը, հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ հայերի ջարդերի ականատես են եղել նաեւ Շվեդիայի մի քանի քաղաքացիներ, ովքեր գրավոր վկայություններ են թողել տեսածի մասին: Բացի այդ, Վահագն Ավեդյանի կողմից շվեդական արխիվների ուսումնասիրության ժամանակ, հայտնվել են Կոստանդնուպոլսի շվեդական պաշտոնյաների հաշվետվությունները, մասնավորապես, Թուրքիայում Շվեդիայի դեսպան Կոսվա Անկարսվարդի նամակները Շվեդիայի արտգործնախարարին եւ դեսապանատան ռազմական կցորդ Էյնար աֆ Վիրսենի նամակը երկրի գլխավոր շտաբին: Տվյալ նամակներում հայերի զանգվածային ջարդերի մանրամասներ կան: Դրանցից մեկում Կոսվա Անկվարսարդը, մասնավորապես, գրում է. «Պրն նախարար, հայերին զանգվածային կերպով վտարում են իրենց հողերից եւ ամեն բան մատնանշում է, որ երիտթուրքերը ցանկացած միջոցների կդիմեն, որպեսզի վերջնականորեն վերացնեն հայոց հարցը»: Իր հերթին, Շվեդիայի դեսապանատան ռազմական կցորդը իր նամակներում անհանգստություն է հայտնում այն պայմանների առումով, որոնցում գտնվում են հայերը. «Հայերի ոչնչացումը Փոքր Ասիայում պետք է անհանգստացնի ողջ մարդկությանը, քանի որ, անկասկած, հանդիսանում է ամենադաժան հանցագործություններից մեկը: Հայոց հարցի կարգավորման միջոցը սարսափ է ներշնչում»:



Հոդվածի հեղինակը վստահություն է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է Թուրքիայում ժողովրդավարության զարգացման գլխավոր գործոններից մեկը: «Հրեաների ցեղասպանության ճանաչումը օգնեց Գերմանիային ժողովրդավարության զարգացման հարցում եւ Թուրքիան այսօր եւս դրա կարիքն ունի: Հոլոքոստը ցույց տվեց այնպիսի օրենքների ընդունման անհրաժեշտությունը, որոնք պատիժ են նախատեսում նման ողբերգությունների զոհերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Թուրքիան նման օրենքներ ընդունելու կարիք ունի, այլ ոչ թե այնպիսինների, որոնցով պատժվում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Եթե Եվրամիությունը իր շարքերում ընդունի Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիային, դա կհավասարվի 6 մլն. հրեաների ցեղասպանության փաստը չճանաչելուն: Այն, որ Կարլ Բիլդտը կասկածում է, արդյոք ճանաչել իրականությունը, բացատրելով դա նրանով, որ քաղաքական գործիչները չպետք է խառնվեն պատմական հարցերին, անիմաստ է եւ անհանգստացնող: Արդյոք նա խուսափու՞մ է Հոլոքոստը հրեաների ցեղասպանություն անվանել: Արդյոք նրա համար Թուրքիայում քրդերի դրությունը կամ հարձակումը Իրաքի վրա ընդամենը «միջադեպերի» շարք է՞: Անհրաժեշտ է վերանայել շվեդական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ»,- գրում է Պիեր Կարատզյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---