Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այն ցեղասպանության կանխարգելմանն ուղղված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում երբեւէ ընդունված առաջին բանաձեւն է: Բանաձեւը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի քննարկելու ՄԱԿ-ի համակարգում վաղ կանխարգելման խնդիրներով զբաղվող մեխանիզմների գործունեության ներդաշնակեցման, վաղ նախազգուշացման նշանների մշակման, ցեղասպանության կանխարգելման գործնական հարթության խնդիրներ: Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ազգային, ռասայական, կրոնական եւ էթնիկական խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վերածվելը կանխելու հիմնարար սկզբունք: Վերջին 60 տարիների ընթացքում` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի ընդունումից ի վեր միջազգային հանրությունն արձանագրել է որոշակի առաջընթաց` կանխարգելման իրավական շրջանակների մշակման առումով, սակայն ներկայումս անհրաժեշտ է հղկել առկա սկզբունքները եւ կիրառել գործնական մեխանիզմները: Այս ուղղությամբ Հայաստանը բանաձեւով առաջարկել է ՄԱԿ-ի համակարգում տարվա ընթացքում կազմակերպել քննարկում պետությունների, ՄԱԿ-ի մարմինների, քաղաքացիական հասարակության եւ մասնավորապես, գիտական շրջանակների մասնակցությամբ: Բանաձեւի ընդունումը նաեւ խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման միջազգային կոնվենցիայի 60-ամյակը: Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ի համակարգում անցկացվելու են տարեդարձը նշող հոբելյանական միջոցառումներ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրվել եւ ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ֆրենսիս Դենգը, որի հետ համագործակցությունը առանցքային է գնահատվում ցեղասպանության կանխարգելման հարցերով մտահոգ երկրների կողմից: Ինչպես բանաձեւը ներկայացնելիս նշեց ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս բանաձեւի ընդունումը վերստին ընդգծում է միջազգային հանրության բարոյական պատասխանատվությունը ցեղասպանությունների զոհերի հիշատակի առաջ: Լայն աջակցություն վայելող այս բանաձեւը համահեղինակել են 58 պետություններ, այդ թվում` Եվրամիության բոլոր երկրները, Շվեյցարիան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան եւ այլոք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---