Երեւան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ոչ պաշտոնական այցով Երեւան կժամանի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երկու պետությունների ղեկավարները ներկա կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայանալիք ֆուտբոլային խաղին: Գյուլի այցը առաջինն է ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ պատմության մեջ: Խաղը տեղի կունենա հանրապետական «Հրազդան» մարզադաշտում: Երկու երկրների նախագահները խաղին կհետեւն զրահապատ ապակու ետեւից: Ֆուտբոլային խաղից առաջ 1ժամ տեւողությամբ զրույց կկայանա Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ: Սերժ Սարգսյանը նաեւ «իֆթար»` ընթրիք կտա նրա պատվին, որը կանցնի մահմեդական Ռամազանի պահքի օրենքներին համաձայն: Թուրքիայի նախագահին ուղեկցում է արտգործնախարար Ալի Բաբաջանը, ինչպես նաեւ պատվիրակության 130 անդամներ:



Երեւանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, մասնավորապես, 16:00-ից քաղաքի կենտրոնն ու մարզադաշտին հարող փողոցները փակ կլինեն տրանսպորտի համար:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Անկարան փակել է 1993թ. ի վեր ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հարաբերությունների հաստատման համար Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջադրում` Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, պետք է ճանաչի Թուրքիայի սահմաններն ըստ 1921թ. Մոսկվայի պայմանագրի: Թուրքիան նաեւ կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, մասնավորապես, պահանջելով, որ Հայաստանը հանձնի ԼՂՀ-ի անվտանգության գոտին կազմող 7 շրջանները: Երեւանն, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---