Հայաստանում ձեւավորվում է բնապահպանական մտածողություն

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Երեւանը միանալու է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային, որի շրջանակներում 20:30-ից 21:30-ն անջատվելու է քաղաքի արտաքին լուսավորությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիանա Երիցփոխյանը: «Հուսով ենք, որ այդ ակցիային միանալը թույլ կտա ձեւավորել բնապահպանական մտածողություն էներգամատակարարման վերաբերյալ, մասնավորապես, երիտասարդ սերնդի մոտ, որպեսզի նրանք ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր զգան իրենց պատասխանատվությունը եւ ներգրավված լինեն գլոբալ գործընթացի մեջ` կապված կլիմայական փոփոխությունների հետ»,- ասել է նա:



«Մոլորակի ժամ» ակցիայի նախաձեռնողն է Բնության համաշխարհային հիմնադրամը` (WWF), որին միացել են ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, HSBC Բանկ Հայաստանը, Կոնգրես հյուրանոցը, ՍՓՅՈՒՌ տեղեկատվական կենտրոնը, «Մոսկվա» Կինոթատրոն ՍՊԸ-ն եւ մի շարք այլ կազմակերպություններ:



Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արամ Գաբրիելյանի խոսքերով, ակցիան նպատակ ունի կոչ անել համաշխարհային հանրությանը խոհեմաբար օգտագործել բնական պաշարները, հակառակ դեպքում 2050-2100թթ. ապագա սերունդը կբախվի դրանց անբավարարության հետ: «Կայուն զարգացման հիմքում, տնտեսականի հետ միասին ընկած է բնական պաշարների խոհեմ կիրառումը, ինչպես նաեւ յուրաքանչյուր մարդու պատասխանատվության զգացումն իր բնապահպանական հետքը նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է նա:



Գաբրիելյանը հայտնեց, որ տարեց տարի կողմնակիցների թիվն աճում է, իսկ 2009-ին ակցիային միացել են աշխարհի 4000 քաղաքների 1 մլրդ մարդ, Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզն իր Էյֆելյան աշտարակով: Այդ առումով նա կոչ արեց Հայաստանի խոշոր քաղաքներին ներդնել իրենց լուման:



Երկրորդ տարին շարունակ «Մոլորակի ժամին» միանում է նաեւ HSBC բանկ Հայաստանը: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդի խոսքերով, HSBC Խումբը մոտ 100 մլն դոլար է տրամադրել կլիմակայան փոփոխությունների դեմ պայքարին, ինչը թույլ կտա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---