Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային և 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերի ստորագրմանը:

Կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում, 7.7 հա հողատարածքում։

Նախատեսվում է կառուցել վարչական շենք: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորմամբ, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սարքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

Այս կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման դեպքերում մաքսային ձևակերպումների հետ կապված ամբողջական գործընթացները իրականացվում են մեկ վայրում՝ հայտարարագրումից մինչև ապրանքների բացթողումը։ Այսպիսով՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնան նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը։

Համակարգի գործարկումը կնպաստի ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների պահպանմանն ուղղված միջոցառումների պարզեցմանը և դրա համար ծախսվող ժամանակահատվածի կտրուկ կրճատմանը:

Կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:

2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ. 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---