Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին

Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին

PanARMENIAN.Net - Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։ Այդ մասին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ասել է Արմենպրեսին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։

Հնդկաստանի դեսպանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։

«Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ընդգծել է դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների միջև տեղի ունեցած քննարկումներում ՀՀ ներկայացուցիչները Չաբահար նավահանգստից օգտվելու հետաքրքրություն են ցուցաբերել։

Անդրադառնալով Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում Երևանի հնարավոր դերակատարությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի։

«Եթե դա իրականանա, ապա կարծում եմ՝ կօգնի, որ Հայաստանը կարողանա հաղթահարել այն փաստը, որ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր»,- եզրափակեց դեսպանը։

Մայիսի 13–ին Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել։ Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի և Իրանի համագործակցության առաջատար նախագծերից է, որի նպատակն է տարանցիկ առևտրի կարևոր հանգույց դառնալ նաև դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Հնդկաստանը առանցքային դեր է ունեցել Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման գործում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---