11  28.09.12 - Դաշնակահար Եվգենի Կիսինը երևանյան համերգը

Կիսինի երկար սպասված ու ուշացած համերգը և «նեղ արած, տեղ արած» հանդիսատեսը

Կիսինի երկար սպասված ու ուշացած համերգը և «նեղ արած, տեղ արած» հանդիսատեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը: Համերգից գրեթե մեկ ամիս առաջ Երևանում փակցված էին նրա պլակատները, և համերգի կազմակերպիչների` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի անունները:

Դաշնակահարը դեռ մի քանի օր առաջ էր Երևան եկել, և ԶԼՄ-ներն արդեն հասցրել էին նրան լուսաբանել: Համերգից օրեր առաջ խոսում էին, որ դաշնակահարի մենահամերգի տոմսերը սպառված են:

Եկավ այդ սպասված օրը: 19.30-ին նշանակված համերգը սկսվեց ուշացումով: Նշված ժամանակ եկել էին ինչպես Հայաստանի հասարակ քաղաքացիներ, այլև Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագետներ: Համերգասրահի սպասասրահում մարդկանց թիվն անընդհատ ավելանում էր, ջերմաստիճանը բարձրանում, սպասասրահում արդեն «ասեղ գցելու տեղ չկար», իսկ դահլիճի դռները ոչ մի կերպ չէին բացվում: Ասում էին, որ Կիսինն այնտեղ փորձ է անում: Ժամը 20.10-ին նոր սկսեցին ներս թողնել մարդկանց, որոնց թիվը, ինչպես հետագայում պարզվեց, համերգասրահի նստատեղերից գրեթե կրկնակի շատ էր: Մոտ հարյուրի հասնող աթոռներ հայտնվել էին միայն բեմում: Պարտերի, ամֆիթատրոնի և դրվել էին բազմաթիվ աթոռներ, իսկ թատերահարթակի օթյակներում` փայտե պլատֆորմներ, որոնց վրա ավելացել էր աթոռների մի ամբողջ շարք: Թատերահարթակի աստիճաններին նստած մարդիկ էին, նույնիսկ վերևի հատվածում կանգնելու տեղ ճկար:

Բնական է, Կիսինին լսել ցանկացողները շատ էին, մանավանդ, որ նա այստեղ չէր եղել 28 տարի: Բայց մի՞թե պետք էր նման գնով դա անել: Արդյունքում մարդկանց որոշ մասը շոգից և թթվածնի պակասությունից առողջական խնդիրներ ունեցավ, և ստիպված էին հենց համերգի ժամանակ դուրս գալ միջանցք:

Համերգի ընդմիջման ժամանակ մարդկանց դժգոհություններից պարզվեց, որ որոշ տեղերում չկային տոմսերի վրա նշված աթոռները. հավանաբար ինչ որ մարդ այն արդեն տարել էր:

Այս ամենին ականատես լինելով, ինքնստինքյան հարց է ծագում. արժե՞ր արդյոք նման «գնով» համերգ գնալ և վայելել նույնիսկ այդքան հայտնի կատարողի: Համերգի կազմակերպիչները, հավանաբար, գիտեին, որ Կիսինն իր ելույթից առաջ փորձ է անում: Այս դեպքում ինչ՞ու չեն նրան ժամանակին բերում համերգասրահ, որ նա հանգիստ իր փորձն անի: Երկրորդ հարցը, որ ծագում է, դա այն է, ինչ՞ու պետք է նման կերպ մարդիկ լսեին դաշնակահարին: Կիսինը բեմ դուրս գալիս մեկ խոնարհվում էր դահլիճում նստածներին, ապա պտտվում էր, և գլխով տալիս բեմում նստած հանդիսականին:

Կարծում եմ, կանխատեսելի պետք է լիներ, որ Կիսինին ցանկանում են ունկնդրել բազմաթիվ մարդիկ, և պետք էր ճանապարհներ գտնել իրադրությունն ավելի թեթևացնելու: Պետք է ավելի մեծ դահլիճ գտնելու փորձ արվեր: Օրինակ` Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը: Երկու մենահամերգ կազմակերպելու միտքը միգուցե սխալ լինի, որովհետև ֆինանսական ավելի մեծ ներդրում է պետք, բայց և 20.000 դրամը մեկ տոմսի համար փոքր թիվ չէ:

Համերգին ներկա դեսպաններից մեկը միջանցքում զրուցելով ինձ հետ զարմացած էր, որ նման կերպ կարելի է համերգ կազմակերպել: Նա նույնիսկ կատակեց, որ ողջ Երևանն այստեղ է: Չգիտեմ, թե Կիսինն այս մասին ինչ է մտածում: Միգուցե նրան դուր է գալիս, որ մեր երկրում իրեն այսքան սիրողներ կան, իսկ միգուցե և դուր չի եկել: Դժվար է ասել: Համենայն դեպս պետք չէ նման ձևով համերգ կազմակերպել, նույնիսկ եթե այդ աթոռները ձրի են տրամադրվել մարդկանց:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---